2021 Մայ 23, Կիրակի 19:00
Մայիսի 23-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակին նվիրված՝ «Լուսանում է ամեն խավար…» խորագրով հոբելյանական երեկոն, որին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր):
Միջոցառումը մեկնարկվեց «Նարեկացի» նվագախմբի կատարմամբ՝ հնչեց Խաչատուր Ավետիսյանի «Տաղեր սիրո և պանդխտության» (օրատորիա) ստեղծագործությունը (դիրիժոր` Միքայել Ավետիսյան, մենակատարներ՝ Գուրգեն Բավեյան, Լուսինե Ազարյան, Գոհար Ֆրանգյան ( քանոն), Անի Ռուբենյան (շվի), Կարեն Հարությունյան (բլուլ ), Գևորգ Հովհաննիսյան (թավ շվի):
Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով հանդես եկան նաև Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան), ԵՊԿ օպերային ստուդիայի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան) Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), Լուսինե Ազարյանը, Գուրգեն Բավեյանը, Նունե Բադալյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը:
Միջոցառման ավարտին «Նարեկացի» նվագախումբը, միանալով Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբին, աննախադեպ կազմով` 73 երաժիշտներով կատարեցին Խաչատուր Ավետիսյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությունը և «Վարդավառ» սյուիտը՝ բաղկացած 6 մասից:
Հատկանշական է, որ այս ստեղծագործությունները վերջին անգամ հնչել էին 70-ականներին, և հանդիսատեսը նոր շնչով ունկնդրեց անզուգական մեղեդիները: